Անցնել բովանդակությանը ↓

«Ես ապրում եմ մեկի հետ, որը մահմեդական է, գլխաշոր է կրում»

6 December 2019

Դիլիջանի դպրոցի ուսանողուհին՝ սովորողների նմանությունների ու տարբերությունների մասին 

Լիլի Դավթյանը միջազգային  UWC Դիլիջանի քոլեջի ուսանողուհի է: Գյումրիից է, 17 տարեկան: Առաջին տարվա ուսանող է, դեռեւս փորձում է լիովին ադապտացվել: Նրա խոսքով, Գյումրիի դպրոցն ամբողջովին տարբեր էր. Դիլիջանում թե՛ կրթական համակարգն է ուրիշ եւ թե՛ ուսուցիչների մոտեցման ձեւը: Որոշ առարկաներ էլ լրիվ անծանոթ էին:

– Ինչպե՞ս որոշվեց, որ հենց այս քոլեջում պիտի շարունակես ուսումդ:

– Իմ կյանքում ուզում էի որոշակի փոփոխություններ լինեին: Ընկերներս էին պատմում UWC դպրոցի մասին եւ ավելի խորը ուսումնասիրելուց հետո, մտածեցի, որ սա իսկական իմ տեղն է:  Համարձակ քայլ արեցի ու դիմեցի, միանգամից հաստատեցին իմ դիմումը: Կարծում եմ՝ չեմ սխալվել եւ սա իմ կյանքի  երբեւէ կայացված  լավագույն որոշումն է: Ես ինձ գտնում եմ էստեղ: 

– Ի՞նչ ես ուզում դառնալ:

– Դեռ չեմ կողմնորոշվել, բայց բիզնեսի գծով կշարունակեմ ուսումս: Այստեղ անընդհատ փոփոխվում են երազանքներս ու նպատակներս: Օրինակ՝  ես կենսաբանություն առարկայով այդքան էլ հետաքրքրված չէի, բայց այստեղ շատ կարճ ճամանակահատվածում սկսեցի սիրել այդ առարկան եւ բավականին բարձր ցուցանիշներ գրանցել այդ ոլորտում: Միգուցե հենց կենսաբանության ուղղությամբ էլ մասնագիտանամ:  Ուսումս չէի ցանկանա շարունակել Հայաստանում, քանի որ դրսում սովորելը, կարծում եմ, մի նոր փորձառություն կլինի: Ճիշտ է, այս քոլեջը Դիլիջանում է, բայց ես ինձ չեմ զգում Հայաստանում, քանի որ ուսանողները, շրջապատը առհասարակ շատ տարբեր են մեր իրականությունից: Ուսանելուց հետո ես անպայման Հայաստան կգամ աշխատելու: 

– Քո այլազգի դասընկերների հետ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունես, կարողանո՞ւմ եք լեզու գտնել իրար հետ:

– Մինչեւ այստեղ գալս մեծ վախ ունեի, որ չեմ կարողանա հարմարվել, որովհետեւ նախկինում չեմ ունեցել այսպիսի ընկերներ՝ ինչպես հիմա: Նրանք տարբեր երկրների, ազգերի, մշակույթների, կրոնների ու լեզվի պատկանելություն ունեն: Առաջ այդ երկրների տեղն էլ նույնիսկ չգիտեի: Մենք բոլորս ամեն օր իրար հետ ենք, բոլորի հետ էլ բավականին ջերմ են շփումներս, բայց առավել նեղ շրջանակի ընկերներս նրանք են, որոնց հետ իմ հետաքրքրությունները քիչ, թե շատ համընկնում են: 

– Ո՞րն է քո ամենասիրելի զբաղմունքը քոլեջում:

– Ամենաշատը սիրում եմ այստեղի լողավազանը: Առավել եւս, որ նոր է վերանորոգվել: Լողն օգնում է ինձ դասերից, սթրեսից լիցքաթափվել:

– Ի տարբերություն այլազգի ուսանողների, դու քո հայրենիքում ես: Ի՞նչ հաճախականությամբ ես տուն՝ Գյումրի գնում: Դժվա՞ր է ծնողներից հեռու լինելը:

– Քոլեջում ունենք երկար շաբաթներ եւ մեկ օր էլ, որ թույլատրված է բացակայել քոլեջից: Մի քանի անգամ գնացել եմ տուն այս ընթացքում: Ընկերներիս թվում է, ես չեմ կարոտում իմ տունը, ծնողներիս, քանի որ Հայաստանում եմ, բայց շատ եմ կարոտում: Այստեղ մենք անընդհատ զբաղված ենք, եւ այդ զբաղվածությունը օգնում է ինձ հաղթահարել կարոտս, հույզերս… Գյումրիից միակ ուսանողն եմ այստեղ, հաճախ կարոտում եմ մեր բարբառը, կարիք եմ ունենում մեկի, որի հետ կկարողանամ խոսել իմ բարբառով, կիսել մշակույթս. ես լինեմ ես: Մենք այստեղ իրար աջակցում ու քաջալերում ենք եւ բոլոր դժվարությունները հաղթահարում ենք միասին:

– Որո՞նք են քո ամենացանկալի  երազանքները:

– Երազանքներիցս մեկն այստեղ ձեւավորվեց. շրջակա միջավայրը դարձնել ավելի լավը: Եթե ունենայի այդ կախարդական փայտիկը, կուզենայի այնպես անել, որ մարդիկ իրար հասկանան, լինեն հանդուրժող միմյանց հանդեպ, գիտակցեն, որ յուրաքանչյուրի ցանկացած քայլը ազդում է շրջապատի ու միջավայրի վրա: Մյուս երազանքս գուցե պարզ հնչի, բայց խաղաղություն հաստատելն է աշխարհում: Այստեղ ունեմ ընկերներ, որոնք պատերազմի մեջ գտնվող երկրներից են, ամեն օր անհանգիստ են իրենց ծնողների, բարեկամների, ընկերների ու հայրենիքի համար: Երանի ոչ մի երկրում պատերազմ չլիներ. մարդկանց մեջ սերն է պակասում:

– Քո ընկերների մեջ այլադավաններ էլ կան, ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը իրենց հանդեպ:

– Չեմ կարեւորում, թե ով որ երկրից է կամ ինչ դավանանք ունի, ինձ համար գլխավորը մարդկային գործոնն է, լավ մարդ լինելը:  Այս սկզբունքով եմ առաջնորդվում: Ինչքան էլ տարբեր լինեն մարդիկ, բայց բոլորս էլ նմանություններ ունենք:

– Նմանությունների հետ զուգահեռ կլինեն նաեւ տարբերություններ: Վեճերի կամ բանավեճերի բախվե՞լ ես, որոնք առնչվել են քո սկզբունքների հետ կամ գուցե մշակութային արժեքների:

– Մինչ այստեղ գալս համոզված էի, որ կրոնական, մշակութային ֆոնին վեճեր հաստատ ունենալու եմ, բայց բոլորն էլ փոխհասկացողություն ունեն:  Որեւէ վեճի դեռեւս չեմ բախվել: Ամեն դեպքում, պատրաստ եմ եկել: 

Օրինակ՝ իմ սենյակում ես ապրում եմ մեկի հետ, ով խիստ պահպանողական հավատացյալ մահմեդական է, աղոթում է իրենց ծեսերով, սենյակից դուրս է գալիս գլխաշորով: Ես իրեն հասկանում եմ, մտնում եմ իր դրության մեջ եւ  ընկերոջ պես   օգնում եմ:  Մեր հարգանքը փոխադարձ է, նա էլ հարգում է իմ դիրքորոշումները: 

Զրուցեց Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 
«Առավոտ» օրաթերթ 
3.12.2019