Անցնել բովանդակությանը ↓

Զինվորական ծառայություն

Արդյո՞ք ինձ ինքնաբերաբար կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում (ուսումնառության հիմքով), եթե ես ընդունվեմ UWC դպրոց: 

ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով («Օրենք»):

Թե՛ Ազգային կոմիտեն, թե՛ UWC դպրոցներից ցանկացածը չեն կարող երաշխավորել, որ UWC որևէ դպրոց ընդունվելու հանգամանքն ինքնաբերաբար կհանգեցնի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետմանը:

Օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նպատակային ուսումնառության համար` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին:

Այդ դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Ձեր պարտականությունն է տեղեկանալ ձեր իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև հետևել ցանկացած ընթացակարգի, որը ձեզնից պահանջվում է օրենքով:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ ուսումնառության հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման դիմելու համար, եթե ես ընդունվել եմ UWC Դիլիջան միջազգային դպրոց: 

Իր լիցենզիայի համաձայն՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցն իրականացնում է միջնակարգ հանրակրթական ծրագիր: Դպրոցը յուրաքանչյուր տարի տրամադրում է ուսանողների ցուցակ, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, ում 18 տարին լրացել է տվյալ պահին և դեռ չեն ավարտել իրենց ուսումը Դպրոցում:

Եթե Դուք հաճախում եք UWC Դիլիջանի միջազգային դպրոց, ապա Ձեր անունը և պահանջվող տեղեկատվությունը կներառվի այդ ցուցակում:

UWC Դիլիջան միջազգային դպրոցում սովորելու ընթացքում դուք կարող եք կանչվել համապատասխան զինվորական կոմիսարիատ: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Դպրոցը չի համակարգում այս գործընթացը:

Եթե Դուք ունեք լրացուցիչ աջակցության կամ փաստաթղթերի կարիք, խնդրում ենք դիմել UWC Դիլիջան միջազգային դպրոցի ընդունելության գրասենյակ (Admissions’ Office):

Եթե Ձեզ տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում մինչև Ձեր 19 տարին լրանալը, սակայն մինչ այդ Դուք դեռ չեք ավարտել Ձեր ուսումը Դպրոցում, ապա Դուք կարող եք դիմել ՀՀ կառավարություն: Այդ դեպքում, ՀՀ Կառավարությունը կարող է տրամադրել մեկանգամյա տարկետում՝ մինչ Ձեր ուսման ավարտը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ ուսումնառության հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման դիմելու համար, եթե ես ընդունվել եմ այլ UWC դպրոց (բացի UWC Դիլիջան միջազգային դպրոցից):  

Եթե

  • Դուք ուսանում եք UWC դպրոցում (բացի UWC Դիլիջան միջազգային դպրոցից) և համապատասխան դպրոցի ծրագիրը ճանաչվել է բավարար՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար,
  • լրացել է Ձեր 18 տարին, սակայն Դուք դեռ չեք ավարտել Ձեր ուսումը համապատասխան UWC դպրոցում,

Դուք պետք է դիմում ներկայացնեք ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը (ներկայումս՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), որպեսզի Ձեր անունը ներառվի ներառվի տարկետման սպասող անձանց համապատասխան անվանացուցակում: 

Խնդրում ենք ստուգել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման Հավելված 2-ի 4-րդ կետը: Այստեղ Դուք կարող եք գտնել այն տեղեկատվությունների ցանկը, որն անհրաժեշտ է դիմումի հետ միասին ներկայացնել նախարարությանը:

Խնդրում ենք չմոռանալ, որ օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և թարգմանությունը պետք է ունենա նոտարական վավերացում: 

Կա՞ն այլ տարբերակներ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար, եթե ես ունեմ որոշակի շնորհներ: 

Բացառիկ դեպքերում ՀՀ կառավարությունը կարող է տարկետում տրամադրել նրանց, ովքեր ունեն նշանակալի նվաճումներ մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում:

Տե՛ս Օրենքի 21-րդ հոդվածի հինգերորդ մասը, ՀՀ կառավարության 15.02.2019թ. N 89-Ն որոշումը, ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 457-Ն որոշումը և ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 450-Ն որոշումը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի դադարումը 

Ուսումնական նպատակներով տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարում է, եթե ուսանողն այլևս չի սովորում տվյալ ուսումնական հաստատությունում կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից: