Անցնել բովանդակությանը ↓

Երազի՛ր և ճախրի՛ր որքան կարող ես բարձր

29 December 2017

«Մի քանի տարի առաջ ես լսեցի մի հիանալի քոլեջի մասին, որտեղ հնարավոր էր գտնել ընկերներ աշխարհի բոլոր ծայրերից՝ միաժամանակ ստանալով բարձրորակ կրթություն և կյանքի՝ նմանը չունեցող և անմոռանալի փորձ:

Կարծում եմ՝ ես միշտ էլ հավատացել եմ հրաշքներին և այն գեղեցիկ ճշմարտությանը, որ երազանքները իրագործվելու չարաճճի բնավորություն ունեն, եթե իսկապես հավատում ես ու ճիշտ ընտրված շավիղով քայլում երազանքիդ ուղղությամբ»:

 

 

 

Երբևէ ունեցե՞լ ես այն զգացողությունը, երբ մի բան ցանկանում ես այնքան շատ, որ սկսում ես իրական արցունքներով արտասվել ամեն անգամ, երբ մտածում ես դրա մասին։ Եթե այո, ապա շարունակիր կարդալ և գտիր արցունքներիդ բազմաթիվ կաթիլներից մեկն այս պատմության մեջ, իսկ եթե ոչ՝ թույլ տուր ինձ նկարագրել, թե մոտավորապես ինչ տեսք ունի այդ զգացողությունը։

Մի քանի տարի առաջ ես լսեցի մի հիանալի քոլեջի մասին, որտեղ հնարավոր էր գտնել ընկերներ աշխարհի բոլոր ծայրերից՝ միաժամանակ ստանալով բարձրորակ կրթություն և կյանքի՝ նմանը չունեցող և անմոռանալի փորձ։ «Ի՜ նչ խոսք, հիանալի է, թանկագի՛նս, բայց, ցավոք, քեզ համար չէ»,- եղավ առաջին արձագանքս և ստիպեց ինձ շրջանցել ինձ համար անհասանելի բլուրը մոտակա հարթավայրով՝ նույնիսկ չփորձելով մագլցել։ Հաջորդող տարիների ընթացքում ես շարունակեցի ապրել իմ կանոնավոր կյանքը սովորական գրաֆիկով, դե այնպես, ինչպես իմ բոլոր տարեկիցներն ու ընկերներս, մինչև մի օր պատահաբար կրկին լսեցի այդ քոլեջի մասին՝ այս անգամ, սակայն, կյանքիս հունը լիովին փոխող արձագանքով։

  - Իսկ ինչու՞ ոչ դու։

  - Ես նույնիսկ անգլերեն չգիտեմ։ Ավելին՝ բավականաչափ գումար չունեմ։

  - Գիտեմ, որ դու հավատում ես հրաշքներին։

Եվ իսկապես, ես հավատում էի հրաշքներին։ Կարծում եմ՝ ես միշտ էլ հավատացել եմ հրաշքներին և այն գեղեցիկ ճշմարտությանը, որ երազանքները իրագործվելու չարաճճի բնավորություն ունեն, եթե իսկապես հավատում ես ու ճիշտ ընտրված շավիղով քայլում երազանքիդ ուղղությամբ։ Հենց այս դրական մտքերի ազդեցության ներքո որոշում կայացրի, որ անկասկած պետք է դիմեմ իմ ամենավառ երազանքների քոլեջ, UWC մոլորակ, ու այդ պահին ինձ համար բացարձակապես կարևոր չէր, թե որքան հեռու ու անհասանելի էր դա։ Գիտեի, որ դեպի երազանքը տանող ճանապարհն այնքան էլ հեշտ ու հարթ չէր լինելու, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ չէի ուզում ամբողջ կյանքս ապրել զղջալով նույնիսկ չփորձելու համար անել այն, ինչը ցանկանում էր սիրտս, և ինչի կարիքն այն ուներ։

Հիշում եմ՝ ամեն օր սովորում էի 30 նոր անգլերեն բառ, աշխատում էի որքան հնարվոր էր քրտնաջան ու նույն քրտնաջանությամբ էլ լաց էի լինում ամեն անգամ իմ երազանքի քոլեջի բրոշյուրը թերթելիս և ինձ այնտեղ պատկերացնելիս, այնտեղ, որտեղ սերը ընդհանուր լեզուն է, իսկ խաղաղությունը՝ հզոր մեքենայի գլխավոր շարժիչը։ Մեքենայի, որը միտված է ճամփորդելու ամբողջ աշխարհով մեկ ու տարածելու բարություն՝ զուգակցված դրական էներգիայի մի մեծ ու պայծառ փնջով։ Ես լաց էի լինում ինձ պատկերացնելիս մի վայրում, որտեղ կկարողանայի ճաշել տարբեր մայրցամաքներից եկած ու մի սեղանի շուրջ հավաքված պատանիների հետ, մի վայրում, որտեղ կկարողանայի հանրահաշվական խնդիրներ լուծել մեկի հետ, ով ծնվել էր իմ ծննդավայրից 19000 մղոն հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ քաղաքում։

Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ստացա շնորհավորական նամակ ընդունելության առաջին փուլը բարեհաջող հաղթահարելու համար։ Ապա երկրորդը։ Ապա երրորդը։ Դա երևի «ամենաթացն» էր այն բոլոր ընդունելության գործընթացներից ու քննություններից, որոնց միջով ես երբևէ անցել էի։ Ես արտասվում էի յուրաքանչյուր փուլից առաջ խուճապի պատճառով ու կրկին արտասվում, բայց այս անգամ արդեն երջանկության պատճառով յուրաքանչյուր փուլից հետո։ Իսկ հորդառատ անձրևի վերջում պարզ դարձավ, որ մինչ ես արտասվում էի, Չինաստանի UWC քոլեջում հասցրել էին ինձ համար մի գողտրիկ տեղ նախապատրաստել։

  - Դու արեցիր դա։ Դու մի քանի ամսում անգլերեն սովորեցիր։ Դու արեցիր առավելագույնը։ Դու անցար այս ամենի միջով։

  - Դա․․․դա ուղղակի կատարվեց։ Հենց նոր մի գեղեցիկ հրաշք կատարվեց իմ կյանքում։

Այդպիսով՝ ես «ճախրեցի» ինձ համար մի լիովին նոր մոլորակ, իսկ մի քանի ամիս առաջ մեկ այլ ինքնաթիռով ճախրում էի Չինաստանի մի քաղաքից մյուսը՝ անգլերեն դասավանդելու չինացի աշակերտներին, մի բան, որի մասին կյանքում նույնիսկ մեկ րոպե մտքիս ամենասուր ծայրով չէի անցկացրել։ Այդ նույն սուր ծայրով էլ երբևէ չէի անցկացրել, որ մեկ օր հայկական տարազը կներկայացնեի չինական գովազդային հոլովակում, որ կքայլեի փողոցում ու չինարեն կխոսեի չինացի պատահական անցորդների հետ կամ որ մի օր կմասնակցեի ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովին ու կքննակեի աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձություններն այն մարդկանց հետ, ում կյանքումս առաջին անգամ էի տեսնում։

Եվ հիմա, ամբողջ կատարվածից հետո և ամբողջ կատարվելիքից առաջ, հիմա, երբ փորձում եմ պատմել քեզ այս պատմությունը, աչքերս անդադար հառում են գրասեղանիս վրա դրված թեյի թաց բաժակին։ Վերջինը շարունակ հիշեցնում է ինձ այն  բոլոր արցունքաշատ գործընթացների մասին, որոնց միջով անցա, որպեսզի կարողանայի ճախրել երազանքիս ինքնաթիռով, և ստիպում է ինձ մտածել այն մասին, թե ինչ կլիներ, եթե համարձակություն չունենայի, եթե չհետևեի սրտիս ձայնին ու կրկին շրջանցեի բլուրը մոտակա հարթավայրով։

Մենք բոլորս կյանքում հորդառատ անձրևի ու փոթորիկների կարիք ունենք սարեր մագլցելու և նորանոր գագաթներ գրավելու մեր  ճանապարհին։ Մեզ բոլորիս հարկավոր են արցունքներ մեր անհիմն վախերը հաղթահարելու համար, և մեզ հաճախ հարկավոր է քայլել ավելի բարձր, քան հարթավայրերն են, որպեսզի տեսնենք արևածագի գեղեցկությունը։ Մենք պետք է հավատանք մեր երազանքներին ու մագլցենք դրանց ուղղությամբ, և բնավ կարևոր չէ, թե որքան բարձր ու անհասանելի են դրանք թվում, որովհետև․․․ որովհետև հրաշքներ լինում են։

Միլենա, UWC Չինգշու, Չինաստան