Կրթաթոշակներ և ֆինանսավորում
Կրթական ֆինանսավորում
Կրթաթոշակները (դրամաշնորհները) ֆինանսավորվում են UWC-ի քոլեջների, անհատ նվիրատուների և հիմնադրամների կողմից, որոնք աջակցում են UWC-ի քոլեջներում հայ ուսանողների ուսումնառությանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթաթոշակների թիվը սահմանափակ է, ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ըստ ուսանողների ֆինանսական կարիքի:
UWC Հայաստանի գլխավոր աջակիցը «Scholae Mundi Հայաստան» բարեգործական հիմնադրամն է:
Թեկնածուների տեղաբաշխումը քոլեջներում և կրթական ֆինանսավորում
Ընտրության գործընթացը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները առաջադրվում են՝ UWC-ի քոլեջներից որևէ մեկում սովորելու համար: Որպես կանոն՝ քոլեջներն ընդունում են թեկնածուին՝ Ազգային կոմիտեի երաշխավորության հիման վրա: Սակայն, քոլեջն իրավունք է վերապահում յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ անձամբ կայացնել վերջնական որոշում։
UWC-ի քոլեջներից որևէ մեկում սովորելու համար առաջադրվելուց և այնտեղ իրենց ուսումնառությունը շարունակելու ցանկությունը հաստատելուց հետո կրթաթոշակի կարիք ունեցող ուսանողներին ուղարկվում է ֆինանսական հնարավորությունների գնահատման ձևաթուղթ: Ձևաթուղթը լրացնելուց հետո ծնողներն այն պետք է ներկայացնեն՝ դրան կցելով նաև ընտանիքի եկամուտներն ու ծախսերը փաստող փաստաթղթեր:
Ֆինանսական գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և սահմանում տվյալ թեկնածուին տրամադրվելիք կրթաթոշակի չափը:
Կրթաթոշակի չափը ենթակա չէ փոփոխման: Թեկնածուն և իր ծնողները կարող են կամ համաձայնվել և առաջարկված գումարի չափով մասնակցել երեխայի ուսման վճարը հոգալու գործին, կամ հրաժարվել իրենց առաջարկված տեղից: