Անցնել բովանդակությանը ↓

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է UWC միջազգային կառավարման հանդիպումները

17 January 2019

UWC Դիլիջան դպրոցն առաջին անգամ հյուրընկալել է «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» (UWC) կրթական ցանցի միջազգային կառավարման մարմինների հանդիպումները։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 21-28-ը դպրոցում անցկացվել են UWC ցանցի կառավարման մարմնի տարեկան հանդիպումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի UWC Ազգային կոմիտեների տարածաշրջանային հանդիպումը։ 

Այս հանդիպումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել UWC միջազգային ցանցի ավելի քան 100 ներկայացուցիչ, այդ թվում աշխարհի չորս մայրցամաքներում գործող 17 UWC քոլեջների ղեկավարներ, UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրենը, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի UWC Ազգային կոմիտեների ներկայացուցիչներ։

Կրթական ցանցի միջազգային կառավարման հանդիպումների շրջանակում քննարկվել են UWC քոլեջների գործունեությանը, աշակերտների ընդունելությանը, UWC քոլեջների միջև փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։

UWC կառավարման մարմինների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը՝ այցելելով մի շարք տեսարժան և պատմական վայրեր։

«Հայաստանը՝ ի դեմս UWC Դիլիջան դպրոցի, առաջին անգամ է հյուրընկալում UWC ցանցի միջազգային կառավարման մարմինների տարեկան հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Այս հանդիպման փաստը վկայում է, որ Հայաստանը՝ UWC Դիլիջան դպրոցի գործունեության շնորհիվ, ամրապնդում է իր տեղը համաշխարհային կրթական քարտեզի վրա»,- ասել է UWC Դիլիջան դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

Դպրոցի հյուրերի համար կազմակերպված միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրել են տարբեր մշակույթների և ավանդույթների խաղաղ համակեցության օրինակը UWC Դիլիջան տանիքի տակ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ես այսօր առաջին անգամ եմ գտնվում UWC Դիլիջանում։ Սա մի կրթական հաստատություն է, որտեղ երեխաներին ոչ միայն սովորեցնում են մաթեմատիկա, գրականություն և տարբեր առարկաներ, այլև սովորեցնում են ապրել, շփվել և ճանաչել տարբեր ազգություններ, մշակույթներ և ավանդույթներ։ Շփվելով այստեղ սովորող աշակերտների հետ, տեսնելով, թե ինչպես են նրանք ներկայացնում դպրոցն ու իրենց գիտելիքները՝ կարելի է ապշել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում դպրոցը, հեռանկարներ, որոնց մասին կարելի է երազել։ Շնորհակալություն UWC Դիլիջան դպրոցի հիմնադիրներին այսպիսի հնարավորություններ ստեղծելու համար»,- ողջունելով դպրոցի աշակերտներին և հյուրերին՝ ասել է Աննա Հակոբյանը։ 

Read more